Մարզական առաջադրանք

Բռնցքամարտբոքս, մարզաձև, բռունցքներով մենամարտ (հատուկ կանոններով) 2 մարզիկի միջին ։ Բռնցքամարտիկները հագնում են փափուկ (մազով լցված) կաշվե ձեռնոցներ, որոնք թուլացնում են հարվածի ուժը և վնասվածքից պաշտպանում դաստակը։ Մրցման մասնակիցները ստորաբաժանվում են ըստ քաշի, տարիքի ու մարզական պատրաստվածության։ Տեխնիկական և մարտավարական առումով բոքսը սպորտի առավել բարդ ձևերից է։

Կանոններ

Մարտի մասնակիցները, որոնք հագնում են կաշվե փափուկ ձեռնոցներ, ձգտում են միմյանց առավել մեծ թվով հարվածներ հասցնելով միավորներ շահել։ Թույլատրվում է հարվածել դեմքին և իրանին՝ գոտկատեղից վերև։ Հաղթանակը շնորհվում է ավելի շատ միավորներ ձեռք բերած մարզիկին։ Մարտի տևողությունը 9 րոպե է, այն բաղկացած է 3 րոպեանոց 3 մրցամասից՝ երկու մեկ րոպեանոց ընդմիջումով։ Մարտը տեղի է ունենում ռինգում, որը 6×6 մետր չափերի պարաններով շրջափակված մրցահարթակ է:

Առողջապահություն

Բոքսը նպաստում է սիրտանոթային և շնչառության համակարգերի ֆունկցիաների կատարելագործմանը։ Բոքսի ժամանակ հնարավոր են ձեռքերի, դեմքի վնասվածքներ։ Յուրահատուկ վնասվածք է նոկաուտը (գետնատապալ պարտություն), որի ժամանակ առաջանում է գլխապտույտ, գիտակցության կարճատև կորուստ՝ ստորին ծնոտին, որովայնի վերին հատվածին հարվածելու հետևանքով։ Նոկաուտի դեպքում մարտը դադարեցվում է, մարզիկին ցույց տրվում բժշկական օգնություն։ Նրան ազատում են (տարբեր ժամկետներով) մրցումներին մասնակցելուց (կախված վնասվածքի ծանրությունից)։

Մարտը վարելու կանոններին համապատասխան՝ դատավորը դադարեցնում է մարտը՝ հակառակորդներից մեկի բացահայտ գերազանցության դեպքում։ Վնասվածքների կանխարգելման նպատակով բռնցքամարտիկները մարզումներից և մրցումներից առաջ ձեռքի դաստակները փաթաթում են բինտով, բերանում դնում կաուչուկե ատամնապահունակ (կապպ), սեռական օրգանները հարվածից պաշտպանելու համար կրում են հատուկ բանդաժներ, հագնում հատուկ պաշտպանական սաղավարտներ։ Գլխի հաճախ հանդիպող վնասվածքների հետևանքով բռնցքամարտիկները մշտապես գտնվում են բժշկական հսկողության տակ։ Բժշկական զննումների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում նյարդային համակարգի, տեսողության և լսողության օրգանների, ընդհանուր ֆիզիկական զարգացածության վիճակին։