Տրդատ Գ

Տրդատ Գ Մեծ (250-ական թվականներ – 330), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 287 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (272—287) որդին։

Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։

Հռոմեա-պարսկական պատերզամները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը։ Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով, 297 թվականին հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված 298 թվականին Մծբինում հաշտության պայմանագիր կնքեց

ՏՐԴԱՏԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապ), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։

Ավանդության համաձայն, մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ։ Ագաթանգեղոսը գրում է.

— Տրդատը սկսեց մոլեգնել ու ինքն իրեն ուտել և բաբելացիների Նաբուգոդոնոսոր արքայի նման մարդկային բնությունից դուրս գալով՝ վայրենի խոզերի կերպարանքով, իբրև նրանցից մեկը, գնաց նրանց մեջ բնակվելու

Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի սպանությունն էր։ Նրանցից Հռիփսիմեն քարկոծվելով սպանվել էր՝ արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար։ Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, ում Վիրապից հանելով բերում են Վաղարշապատ: Նա հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում և աղոթքով ապաքինում արքային։ Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը: Քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում եկեղեցու կառուցման վայրը։

Գրիգորը Տրդատի հետ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում։ Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։ 301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն:

Оставьте комментарий