Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է բազմաթիվ դյութազներ­գություններ, որոնցից առավել նշանակալիցը «Սասունցի Դավիթ» էպոսն է: Փոխանցվելով բերնեբերան՝ այն շրջանառվել է մի քանի անվանումներով՝ «Ջոջանց տուն», այսինքն՝ «Մեծերի տուն», «Ավագների տուն» «Հսկաների տուն»: Այդ քաջաց տոհմին պատկանող կանանցից են ծնվում հերոսների երեք կրտսեր սերունդները:

«Սասունցի Դավիթ» էպոսում չորս սերնդի պատկանող հերոսների կերպարներում ժողովուրդը մարմնավորել է հասարակ ժողովրդի ընդհանուր հայացքները, ովքեր պատերազմ չեն հրահրում, բայց ստիպված են կռվել, որպեսզի պաշտպանեն հայրենի հողն ու ժողովրդին, ովքեր չեն ուզում հեղել ոչ իրենց, ոչ էլ այլոց արյունը:

Այսօր գրանցված է վերոնշյալ էպոսի շուրջ 160 տարբերակ: Դրանք պատմվում են հայերենի տարբեր բարբառներով, որոնց մեծ մասը, զրկված լինելով կենցաղավարման պատմաազգագրական միջավայրից, մոռացության եզրին է: Այս առումով էպոսն այդ բարբառների ու դարձվածքների համար դարձել է գոյատևման միակ միջոցը և օգնում է ներկա սերնդին՝ գնահատել մայրենի լեզվի ամբողջ խորությունն ու հարստությունը: Էպոսը ներշնչման աղբյուր է ժամանակակից արվեստի բոլոր բնագավառների համար: Չկա արվեստի մի ուղղություն, որով ստեղծված չլինեն էպոսի թեմայով ստեղծագործություններ:

Կերպարվեստում առավել հայտնի են Երվանդ Քոչարի և Վարազ Սամվելյանի «Սասունցի Դավիթ» արձանները, Արտաշես Հովսեփյանի բարձրաքանդակը, Էդվարդ Իսաբեկյանի էպոսյան նկարաշարերը, Երվանդ Քոչարի և Հակոբ Կոջոյանի աշխատանքների հիման վրա «Սասնա ծռեր» էպոսի հրատարակությունների պատկերազարդումները և այլն: Էպոսի թեման արտացոլվել ու այսօր էլ արդիական է պետական խորհրդանիշներում` հատկապես դրամների: Դրանց թվում է Սասունցի Դավթի հուշարձանի պատկերով ԽՍՀՄ հուշամետաղադրամը (1959թ.), ՀՀ 10 դրամանոցը, «Սասունցի Դավիթ» արծաթե հուշադրամը:

Մանկական ստեղծագործություններում էպոսյան թեման տարածում գտավ 2004 թվականից: Ներկայումս Մանկական գեղագիտական կենտրոնի պատկերա­սրահում են պահվում «Սասնա ծռեր» խորագրով բատիկա եղանակով, խեցեգործական, գեղանկարչական և այլ մանկական ստեղծագործություններ:

Գրականության ոսկե գանձարանում են Հովհ. Թումանյանի «Սասունցի Դավիթը», Ավետիք Իսահակյանի «Սասմա Մհերը», Նաիրի Զարյանի և Եղիշե Չարենցի «Սասուցի Դավիթը» էպոսյան մշակումները:

Դրամատիկական արվեստում առավել հայտնի է Արշավիր Ղազարյանի «Սասնա Մհեր» դրաման: Երաժշտարվեստում մեծ ճանաչում են ձեռք բերել գուսան Շահենի «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը, Գևորգ Բուդաղյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ»  երաժշտական կոմպոզիցիան, Արթուր Շահնա­զարյանի «Սասունցի Դավիթ» երաժշտական ասքը:

 Կինոարվեստում էպոսին անդրադարձել են ռեժիսոր Գրիգոր Գյարդուշյանը իր՝ «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմով, Արման Մանարյանը` «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմով:

Գրահրատարակչության մեջ թեման մշտապես արդիական է: «Սասնա ծռեր», «Սասունցի Դավիթ» Էպոսը հրատարակվել է ոչ միայն հայերեն, այլև աշխարհի տասնյակ լեզուներով:

Կատարողական արվեստում այն հնչել է հայ անվանի վարպետներ Հայրիկ Մուրադյանի, Ժան Էլոյանի, Սուրեն Քոչարյանի, ներկայում` Անդրանիկ Հարությունյանի, «Կարին» ավանդական երգի պարի անսամբլի մենակատար Արտյոմ Ղարիբյանի  և այլոց կատարմամբ

Оставьте комментарий